«Բա՛րև Սարոյան»

Փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան №196 դպրոցի «Գրքաբաց» ընթերցասրահում մեկնարկեց «Բա՛րև Սարոյան» նախագիծը: Նախագիծը նվիրված է ամերիկահայ գրողի 110 ամյակին: Այն գործելու է երեք ամիս և նպատակ ունի աշակերտների համար եռամսյա ընթերցանության և թատերական ներկայացումների շարք կազմակերպել:

Վիլյամ Սարոյանը  ծնվել է Ֆրեզնոյում 1908 թվականի օգոստոսի 31ին,Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք»շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը»«Քարանձավի մարդիկ»«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»«Կոտորածն մանկանց»«Խաղողի այգին» պիեսները։