Լեեր քաղաքում վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձան-խաչքարը
Գերմանիայի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում անհայտ անձիք վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձան-խաչքարը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, նշեց գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ խաչքարը պղծել են գերմանացի երիտասարդները, որոնք դեմ են եղել խաչքարի տեղադրմանը:
«Գրանիտե քարեր էինք կողքերը շարել, գեղեցկացրել էինք, հիմա դրանք վնասվել են: « Ենթադրում եմ, որ «Ավեգե» կուսակցության երիտասարդներն են հեղինակը, քաղաքում այդպիսի խոսակցություններ կան: Առաջին անգամ արել էին, բռնացրեցինք. հարբած երիտասարդներ էին խաչքարը վնասողները»,-ասաց նա:
Ալբերտ Թովմասյանը նշեց, որ որոշվել է խաչքարի մոտակայքում տեղադրել տեսախցիկներ, որպեսզի այդպիսի դեպքերը բացառվեն. «Այս պահի դրությամբ բանակցում ենք, որպեսզի տարածքը նկարահանվի եւ այսպիսի դեպքերը բացառվեն»:
Նշենք, որ այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի վրա հարձակման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։
Կաթսաներով հարիսա ենք սարքելու եւ հյուրասիրելու ենք գերմանացիներին. Լեերում կնշվի Մուսա լեռան քառասուն օրը
Գերմանիայի Լեեր քաղաքում սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կնշվի «Մուսա լեռան քառասուն օրը» տոնակատարությունը: Այս մասին ասաց տոնակատարության կազմակերպիչներից գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը: Նա նշեց, որ այդ օրը գերմանացիներին հարիսա է մատուցվելու:
«Հարիսա ենք մատուցելու գերմանացի ժողովրդին: Միջոցառումն սկսվելու է ժամը 12-ին: Սպասում ենք մոտավորապես 200 հյուր, կաթսաներով հարիսա ենք սարքելու եւ հյուրասիրելու ենք հայկական ձեւով: Ներկա է լինելու նաեւ Լեերի քաղաքապետը»,-ասաց նա:
Դինքին սպանած Սամասթին «շտապ» հրահանգով առանձնախուց են տեղափոխել
Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի բանտային կյանքի հետ կապված մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների գլխավոր վարչության կողմից հրահանգվել է Օգյուն Սամասթին ընդհանուր պատժախցից տեղափոխել առանձնախուց։ «Շտապ» կոդով եկած հրահանգի մեջ նշվել է, թե այդ ամենն արվելու է Օգյուն Սամասթի անվտանգությունը ապահովելու համար, քանի որ տվյալներ կան, որ Սամասթի կյանքին վտանգ է սպառնում։
Թուրքական պարբերականը նաեւ ներկայացրել է ամիսներ առաջ դատախազությանն ուղղված Օգյուն Սամասթի կնոջ դիմումը, որի մեջ եղել է Սամասթի նամակը։ Նամակում Սամասթը կնոջը հայտնել էր, թե իրեն մի քանի անգամ տեղափոխել են առանձին սենյակ եւ ծեծի ենթարկել, ստիպելով ինքնասպան լինել։ «Նրանք ինձ ասացին, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ, հակառակ դեպքում ինձ դաժան ձեւով կսպանեն»,-գրել է Սամասթը նամակում։
Այս դեպքից հետո Սամասթին Սիլիվրիի բանտից տեղափոխել են Քոջաէլիի բանտ։
Օգյուն Սամասթը Դինքի սպանությունն իրականացնելու եւ անօրինական զենք ունենալու համար դատապարտվել է 22 տարի ազատազրկման, սակայն սպանության պահին անչափահաս լինելու հանգամանքով նրա պատժաժամկետը իջել է 14 տարվա։ Սամասթը բանտից դուրս կգա 4 տարի հետո։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Բուխարեստի հայկական եկեղեցի
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները սեպտեմբերի 1-ին այցելել են Բուխարեստի հայկական եկեղեցի եւ ստացել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս սրբազանի օրհնությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բուխարեստ է ժամանել Ռումինիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար: Խաղը կկայանա սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: