Հերթական երկրաշարժը՝ Ադրբեջանում. Այն զգացվել է Արցախում եւ Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10 0 եւ արեւելյան երկայնության 47.25 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է եւ համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 եւ ՀՀ հարավ-արեւելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:
Հայաստանի երիտասարդ ըմբիշները մեկնել են աշխարհի առաջնության
Հայաստանի ըմբիշները մեկնել են Լեհաստան, որտեղ նոյեմբերի 21-26-ը կկայանա մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր է տարել Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ), հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՆԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ամպերի ստվերներն ընկել էին Վայոց ձորի Ռինդ գյուղի լեռների լանջերին: Մի պահ թվում էր, թե երկնքում ինչ-որ մեկը լվացք է փռել: Ձորաբերանին կանգնած` 2012թ. ամերիկյան «Բլումբերգ բիզնեսուիկլի» (Bloomberg Businessweekly) պարբերականում աշխարհի լավագույն գինիների տասնյակում ներկայացված հայկական գինու հիմնադիր Զորիկ Ղարիբյանը տիկնոջ` Երազ Թովմասյանի հետ մատնացույց են անում խաղողի այգին:
Աշխարհի լավագույն գինիների տասնյակում հայտնվելու մասին Զ. Ղարիբյանը իմացել է պատահաբար` հոդվածի հրապարակումից հետո: «Մյուս 9 գինիները մի քանի սերունդ է` շուկայում են»,- ավելացնում է նա՝ որպես օրինակ նշելով «Domaine de la Romanee-Conti Romanee Conti» գինին, որն արժե 14.000-18.000 դոլար կամ 1963թ. արտադրվող «Quinta do Noval Nacional port»-ը` 4,500-6,500 դոլար, իսկ «Զորահ կարասի արենի նոյրը»՝ 45 դոլար:2012թ. նշյալ պարբերականի սյունակագիր էլին Մըքքոյը (Elin McCoy) աշխարհի 10 լավագույն գինիները առանձնացրել է 4000 տեսակի գինիների նմուշարկումից: Ամերիկացի լրագրողն իր հոդվածում հիմնավորել է կատարած ընտրությունը: Նա նշել է, որ հայկական գինի առաջին անգամ համտեսել է Թուրքիայում` Իզմիրում, որը նկարագրել է որպես ծխագույն և մետաքսանման վայելչություն ունեցող գինի: Դա համարել էր սենսացիա գինու պատմության մեջ: Այնուհետ անդրադարձել է հայկական գինու ստեղծման վայրին, որը, ըստ հոդվածի, մոտ է Արենի 1 քարանձավին: Է. Մըքքոյը նաև գրել է, որ հնէաբանների կողմից հայտնաբերված այդ վայրում է գտնվում աշխարհի ամենահին գինու գործարանը, որը մոտ 6100 տարվա պատմություն ունի:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի հայկական մշակույթը
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի հայկական մշակույթը:
Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2018թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը:
«Հայերն այսօր»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ ցուցահանդեսի մասին մանրամասներ է ներկայացրել «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը:
«Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը` քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ, տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրել է Հելեն Էվանսը:
Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ:
Հելեն Էվանսը նշել է, որ բացառիկ առիթ է ընձեռվել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից ձևով ներկայացնելու: