Իրանը պատրաստվում է Իսֆահանի հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել
Իրանը պատրաստվում է Իսֆահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի հայկական տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար հայտ ներկայացնել: Ինչպես հաղորդում է Iran Front Page –ը, այդ մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, ազգային արհեստների եւ տուրիզմի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Թալեբիանը:
Խոսելով Իրանի ազգային թանգարանում հայ-իրանական ցուցահանդեսի փակման ժամանակ, փոխնախագահը նշել է, որ արդեն երեք հայկական եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին և ամենահայտնի կառույցներից է։ Կառուցվել է 1655 թ. Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ։ Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու և ժողովրդի օժանդակությամբ։ Ներսի պատերին պատկերված են դրվագներ Ս.Գրիգոր Լուսավորիչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թթ.։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թ-ին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինութեան վրա, չորս կողմից տեղադրված Է ժամացույց։ Այն նվիրվել Է եկեղեցուն 1930 թ.ին։ 1971 թ., Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել Է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել Է նաև իբրև թանգարան, հիմնվել Է 1905 թ.։
1930 թ. Նոր ջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։ Քանի որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրության արժանացավ զբոսաշրջիկների կողմից, ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենք։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ Է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7մմ երկարությամբ մազի վրա գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։ Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն Էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել Է 1975 թվականին։
Այվազովսկու նկարը աճուրդում գրեթե 1 մլն դոլարով է վաճառվել
Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Փոթորիկ» նկարը Պրահայում աճուրդում վաճառվել է 15 մլն կրոնով (մոտ 705 հազար դոլար): Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրինության ներկայացուցիչ Յանա Բրիդովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հովհաննես Այվազովսկու 1889 թվականով թվագրված նկարը աճուրդի գլխավոր զարդն է դարձել, որը մեր պատկերասրահն էր կազմակերպել,- ընդգծել է փորձագետը: - Այն աճուրդի էր ներկայացրել Պրահայի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Մեկնարկային գինն էր 11 մլն կրոն (մոտ 517 հազար դոլար): Մուրճի հարվածն ազդարարեց 15 մլն կրոնով վաճառքը»:
Վերջնական արժեքը, աճուրդի կազմակերպչի տոկոսներով, կազմել է 18,6 մլն կրոն (գրեթե 874 հազար դոլար): Բրիդովայի խոսքով՝ գնորդը Ռուսաստանից հավաքորդ է:
Նրա տեղեկացմամբ՝ այս տարի համաշխարհային աճուրդներում ներկայացվել է Այվազովսկու 15 կտավ: «Դրանց 2/3-ը նոր տեր է գտել»,- ընդգծել է փորձագետը:
ԵԽ կենտրոնակայանում բացվել է հայ նկարչի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո:
Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 14-ը։
Տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը
