Տրնդեզ

տրնդեզ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին, ավանդաբար նշում է հայ ժողովրդի ամենասիրած տոներից մեկը` Տրնդեզը կամ Տյառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները  ծնունդից քառասուն օր հետո նորածին Հիսուսին բերել Երուսաղեմի տաճար, որտեղ Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:

Հունգարիայի Հայ Ինքնավարությունը, հավատարիմ մնալով Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներին, այս տարի ևս կնշի այս տոնը՝ համախմբելով Հունգարիայում ապրող  հայերին: Տոնակատարությունը տեղի կունենա Բուդապեշտի Պալատինուս փողոցի թիվ 4 հասցեում հասցեում , փետրվարի 13-ին՝ ժամը՝   16:00-ին:

Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, միմյանց ձեռք  բռնած, թռչում են սիրահար զույգերն ու նորապսակները ։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում կա նորածին։Հազարամյա պատմության ընթացքում տոնի հետ կապված ավելացել են բազմաթիվ ծիսակարգեր։ Այսպես, ժողովրդական հավատալիքներում տարածված է այն կարծիքը, որ եթե սիրահար զույգը խարույկի վրայով թռչելիս կարողանա ձեռքերը բռնած պահել, ապա նրանց սերը  հավերժական կլինի։ Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձ, չամիչ, աղանձ, ընկույզ, բոված սիսեռ․  սիսեռ․ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Եթե անգամ երիտասարդները բարձր չեն թռչում, ապա դա հոգ չէ. տոնական խարույկի լեզվակները, դիպչելով նրանց ոտքի կրունկներին, փոխանցում են վերակենդանացման և բարեկեցության ուժ։

Խարույկի վրայով թռչում են նաև անպտուղ կանայք` հուսալով, որ դա կօգնի իրենց՝ վայելելու մայրության բերկրանքը,  տոնակատարության մյուս մասնակիցները` ցանկանալով իրենցից վանել անհաջողությունն ու ձախորդությունը։ Դրանից հետո բոլոր մասնակիցները ձեռք ձեռքի տված շուրջպար են բռնում խարույկի շուրջը։ Գյուղական համայնքներում խարույկի մոխիրը տարածում են դաշտերում` լեփ–լեցուն բերք ունենալու ակնկալիքով։

 

Cikkhez anyagot gyűjtötte: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)