Այվազովսկու նկարը աճուրդում գրեթե 1 մլն դոլարով է վաճառվել

Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Փոթորիկ» նկարը  Պրահայում աճուրդում վաճառվել է 15 մլն կրոնով (մոտ 705 հազար դոլար): Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրինության ներկայացուցիչ Յանա Բրիդովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Հովհաննես Այվազովսկու 1889 թվականով թվագրված նկարը աճուրդի գլխավոր զարդն է դարձել, որը մեր պատկերասրահն էր կազմակերպել,- ընդգծել է փորձագետը: – Այն աճուրդի էր ներկայացրել Պրահայի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Մեկնարկային գինն էր 11 մլն կրոն (մոտ 517 հազար դոլար): Մուրճի հարվածն ազդարարեց 15 մլն կրոնով վաճառքը»:

Վերջնական արժեքը, աճուրդի կազմակերպչի տոկոսներով, կազմել է 18,6 մլն կրոն (գրեթե 874 հազար դոլար): Բրիդովայի խոսքով՝ գնորդը Ռուսաստանից հավաքորդ է:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարի համաշխարհային աճուրդներում ներկայացվել է Այվազովսկու 15 կտավ: «Դրանց 2/3-ը նոր տեր է գտել»,- ընդգծել է փորձագետը: