Ե՞րբ է Իսրայելը ճանաչելու Ցեղասպանությունը. Վալենբերգի անվան մեդալ ստացած Ազնավուրն իր հարցով անհարմար դրության մեջ է դրել Իսրայելի նախագահին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:
 93-ամյա շանսոնյեին մեդալը հանձնելու հանդիսավոր արարողությունն անցկացվել է Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում:

«Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: Փրկարարական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Շառլն ու նրա քույրը՝ Աիդան»,- ասվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:

Մինչդեռ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդգծել է, որ հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա Ազնավուրի ու նրա ընտանիքի արածը:

«Իմ սիրելի՛ ընկեր, Ձեր ընտանիքը քաջության հիանալի օրինակ է: Հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա դա ու առհավետ երախտապարտ կլինի Ձեզ ու Ձեր ընտանիքին»,-ասել է Իսրայելի նախագահը:

Մինչդեռ Ազնավուրն ի պատասխան խոստովանել է, որ շատ է սիրում Երուսաղեմը, ինչպես նաև խոսել է իր հայկական արմատներից:

«Մենք՝ հայերս ու հրեաները, այնքան ընդհանուր բաներ ունենք՝ ցավի և ուրախության, աշխատանքի, երաժշտության, արվեստի, լեզուների, մեզ ընդունած երկրներում կարևոր մարդ դառնալու հարցերում»,-ասել է շանսոնյեն:

Ուշագրավ է, որ մեդալը նախագահի ձեռքից ստանալուց հետո Ազնավուրը հարցրել է, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան երկրի նախագահն ասել է, որ դա քաղաքական հարց է, որն ինքը բազմիցս բարձրացրել է Քնեսետում:

Հավելենք, որ Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:

Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին:

Հայտնի է, որ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալը կրում է Հունգարիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեաների փրկած շվեդ դիվանագետի անունը: Վալենբերգը մահացել է պատերազմի ավարտից հետո՝ խորհրդային բանտում: