Այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 18-րդ տարելիցն է

18 տարի առաջ այս օրը՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին:  1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց բացած կրակից մահացան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը,  Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ  է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Նա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջեց հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չտրվեցին։ Արդեն հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեց պատանդներին ազատագրելու գործողություններ՝ զինված անձինք ձերբակալվեցին:

Ահաբեկչությունն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից: «Հոկտեմբերի 27-ի» գործողության հեղինակներից 6-ը դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:

Արդեն 2005-ի ապրիլին հայտնի նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27-ը» ռուսական հատուկ ծառայությունների, ավելի ստույգ՝ Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է եղել։

Հետագայում կասկածելի հանգամանքներում մահացել են «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության հետ կապված կասկածյալներ և դատապարտյալներ:

Մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել հենց ողբերգության հաջորդ տարին՝ 2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ էլեկտրահարումից մահացել է գործում որպես կասկածյալ ներգրավված՝ մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից:

Նույն տարվա դեկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացել է Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանը: 

2002 թվականին իր տան շքամուտքում սպանվել է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: 2004 թվականի իր բանտախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը՝ Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին:

Նույն տարում, ԱՄՆ-ում, մահացել է գործով վկա ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։

2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվել է խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

2010-ի մայիսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնու մեջ հայտնաբերվել է 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին։

2014 թվականին ԱՄՆ-ում մահացել է «Հոկտեմբերի 27-ի» գործով կարևորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և Էդիկ Գրիգորյանը: