Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության  հայ պատգամավոր Կարո Փայլանը եւս անդրադարձել է «Անատոլիայի մշակույթ» ՀԿ-ի նախագահ, հայտնի գործարար Օսման Քավալայի ձերբակալությանը։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում թուրքական իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային՝ շեշտելով, որ նա շատ բան է արել Թուրքիայի համար։

Նշենք, որ Օսման Քավալան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։