Դինքին սպանած Սամասթին «շտապ» հրահանգով առանձնախուց են տեղափոխել

ogyun

 

 

 

 

 

 

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի բանտային կյանքի հետ կապված մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների գլխավոր վարչության կողմից հրահանգվել է Օգյուն Սամասթին ընդհանուր պատժախցից տեղափոխել առանձնախուց։ «Շտապ» կոդով եկած հրահանգի մեջ նշվել է, թե այդ ամենն արվելու է Օգյուն Սամասթի անվտանգությունը ապահովելու համար, քանի որ տվյալներ կան, որ Սամասթի կյանքին վտանգ է սպառնում։

Թուրքական պարբերականը նաեւ ներկայացրել է ամիսներ առաջ դատախազությանն ուղղված Օգյուն Սամասթի կնոջ դիմումը, որի մեջ եղել է Սամասթի նամակը։ Նամակում Սամասթը կնոջը հայտնել էր, թե իրեն մի քանի անգամ տեղափոխել են առանձին սենյակ եւ ծեծի ենթարկել, ստիպելով ինքնասպան լինել։ «Նրանք ինձ ասացին, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ, հակառակ դեպքում ինձ դաժան ձեւով կսպանեն»,-գրել է Սամասթը նամակում։

Այս դեպքից հետո Սամասթին Սիլիվրիի բանտից տեղափոխել են Քոջաէլիի բանտ։

Օգյուն Սամասթը Դինքի սպանությունն իրականացնելու եւ անօրինական զենք ունենալու համար դատապարտվել է 22 տարի ազատազրկման, սակայն սպանության պահին անչափահաս լինելու հանգամանքով նրա պատժաժամկետը իջել է 14 տարվա։ Սամասթը բանտից դուրս կգա 4 տարի հետո։