Արվեստի հայ գործիչները կմասնակցեն Կիեւում անցկացվող միջազգային փառատոնին

hay

 

 

 

 

 

Արվեստի հայ հայտնի գործիչները Կիեւում անցկացվող «Նուռ ֆեստ» դարբնության եւ արհեստների արվեստի միջազգային փառատոնի պատվավոր հյուրերի թվում են, հայտնում է  Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությանը:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվող փառատոնին կմասնակցեն կինոռեժիսոր, նկարիչ Գրիգոր Բաբախանյանը, քանդակագործ, նկարիչ Անահիտ Քեշիշյանը, ինչպես նաեւ երգչուհի եւ հեռուստահաղորդավար Գայանե Մարտիրոսյանը:

Միջոցառման կազմակերպիչն է «Հենդմեյդերների համաուկրաինական միավորում» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է Ուկրաինայում ձեռքի արհեստի տարածումը, մշակույթի ոլորտում ձեռքբերումների նոր հարթակի ստեղծումը, ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, ինչպես նաեւ փառատոնի մասնակիցների միջեւ փորձի փոխանակումը եւ իրենց ձեռքբերումների ցուցադրումը:

Փառատոնի ժամանակ կկազմակերպվի ժողովրդական արհեստների վարպետների պատրաստած իրերի ցուցահանդես, մաստեր կլասների անցկացում, ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ: Նախատեսված է նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը:

ՀԿ-ի ղեկավար Եկատերինա Պիլկինան նշել է, որ փառատոնին մասնակցելու համար հայ արվեստագետներին հրավիրելը այս տարի Երեւանում տեղի ունեցած «Արտ ֆեստում» ուկրաինական պատվիրակության մասնակցության շրջանակում ստորագրված մշակույթների փոխադարձ զարգացման հուշագրի եւ համատեղ նախագծերի իրականացումն է: