Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:

Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985) Սարգիս Բաղդասարյանը ոչ միայն արվեստագետ էր, նկարիչ ու քանդակագործ, այլեւ բարձր գիտակցականություն ունեցող հայրենանվեր քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արեւելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից։ Նախքան մասնագիտական՝ գեղարվեստի կրթություն ստանալը, որի հիմքերն արդեն իսկ դրվել էր Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ-դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում, մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը, 19-ամյա Սարգիսը 1942 թ. մեկնում է Բաքու՝ թիվ 1 հրետանային ուսումնարան, հմտանում ռազմական գործի մեջ, ստանում լեյտենանտի կոչում, ուղարկվում Հյուսիսկովկասյան ռազմաճակատ, վիրավորվում մարտերից մեկի ժամանակ, բուժվում ու անմիջապես մեկնում Ուկրաինական 4-րդ ռազմաճակատ, որտեղ էլ կոնտուզիա է ստանում, ինչը չի կասեցնում նրան բուժվելուց հետո միանալ հայ թամանցիներին ու նրանց հետ, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, խիզախորեն կռվել Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի ազատագրման համար։

Բաղդասարյանը վերադառնում է պատերազմը հաղթած, պարգեւատրվում «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի եւ Պատվո նշան շքանշաններով, բազմաթիվ մարտական մեդալներով, գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ Զորացրվում է 1946 թ., ժամանակն էր սիրած մասնագիտությունն ստանալու. ընդունվում եւ 1952-ին ավարտում է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը, 1962-ից դասավանդում ինստիտուտում, 1980-ից դառնում պրոֆեսոր։ Այսպիսին է 1923 թ. սեպտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բանաձորում ծնված հայ նշանավոր քանդակագործի համառոտ կենսագրականը՝ թվերով։

Հունիսի 19-ը Սարգիս Բաղդասարյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 77 տարեկան հասակում՝ 2001 թ….

Սարգիս Բաղդասարյանի քանդակները սոսկ պատկերներ չեն, որ գրավում են դիտողին. դրանք շարժման, գործողության, թռիչքի ու վազքի մեջ են՝ բնավորության խորքային բացահայտումով, կենսագրությամբ, իրադարձային… Քանդակագործի ստեղծագործությունները ոչ միայն ճշգրիտ են, այլեւ խորհրդանշական, ինչպես որ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին տեղադրված «Մենք ենք, մեր սարերը» տուֆակերտ աշխատանքը՝ բուրգի նման ստատիկ, ազգային դիմագծերով նախնյաց՝ տատ ու պապի միաձույլ, անսասան կերպարներ. թերեւս, միակ մոնումենտալ ստատիկ աշխատանքն է՝ հղացված հենց այդպիսին եւ ոչ շարժման մեջ, ինչը հուշում է զույգի ոչ միայն բնիկ ու երկարակյաց լինելու մասին, այլեւ այն, որ սարի պես թիկունք-թիկունքի տված՝ ժողովրդի հարատեւությունը խորհրդանշող ժայռակերպ մարդկանց անհնար է տեղից շարժել, ինչպես անհնար է տեղահան անել լեռն ու ժայռը, եւ պատահական չէ, որ արձանն իր տեղը գտել է նաեւ Արցախի Հանրապետության զինանշանին, ինչը հիշեցնում է Խորհրդային Հայաստանի զինանշանի զույգ Մասիսներին։ «Մենք ենք, մեր սարերը» համալիր կոթողը դարձավ աշխարհահռչակ։ «Պրավդա» թերթը գրեց, որ այն «երկարակյացների պատվին կառուցված աշխարհում առաջին հուշարձանն է», քանզի Արցախը համարվում է նաեւ «մոլորակի երկարակեցության էպիկենտրոն». այստեղ ԽՍՀՄ-ում 100-ամյակը գերազանցող բնակիչներն առավել մեծ թիվ էին կազմում… Ադրբեջանական իշխանությունները, իհարկե, դեմ էին արձանի բացմանը, բայց ԽՍՀՄ-ում հարցերը միակողմանի չէին լուծվում. նրանք ստիպված էին հաշտվել իրողության հետ, ու որպես սրտի հովանք, կոթողի բացմանը ներկա ադրբեջանական ներկայացուցիչներից մեկը փորձեց ծաղրել՝ հարցնելով. «Մի՞թե այս ֆիգուրները ոտքեր չունեն»։ Հարցը Սարգիս Բաղդասարյանի սրտով էր, եւ նա իսկույն տվեց արժանի պատասխան. «Նրանք կան, եւ նրանք խոր արմատներ են գցել իրենց հողում»։

Սարգիս Բաղդասարյանի յուրաքանչյուր աշխատանք նրա ձեռագրի կնիքն է կրում՝ միաժամանակ առանձնանալով իր տեսակի, ասելիքի, ձեւի ու կաղապարի մեջ, կաղապար, որ չունի սահմանային գծեր, օդեղեն է, որպես խելագար աշխարհից փախչող խելագար «Լոռեցի Սաքոն» (բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակ, թումանյանական գրական հերոս), հրեղեն նժույգի սանձերն արձակած «Դավիթ Բեկ» (կոփածո պղինձ) պատմական կերպարը,  նրբակերտ, որպես «Մեղեդի» դեկորատիվ քանդակը (ալյումին, գրանիտ), կյանքի ճանապարհներին իմաստնացած խոհուն, անբաժան ձեռնափայտը թիկունքին պահած ու առանց նրա օգնության քայլող մեծ պոետի ու մտածողի՝ Իսահակյանի հուշարձանը (բրոնզ) Երեւանում. ասես վարպետը այգում անցուդարձողներից մեկն է, որ ելել է սովորական զբոսանքի… Շարժման մեջ է նաեւ Կապան քաղաքում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանը. մարտիկը լայն քայլերով, անվարան գնում է դեպի հերոսացում… Սարգիս Բաղդասարյանի «Մտածողը» քանդակը (շամոտ) դրված է Իտալիայի Կարարա քաղաքում, որտեղ երբեւէ ցուցադրվել են քանդակագործի աշխատանքներն ու ճանաչում ձեռք բերել, իսկ ավազաքարից պատրաստված՝ Ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը Շոպրոնում է (Հունգարիա)։ Հայ ճանաչված քանդակագործի աշխատանքներից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Զարմանալին այն չէ, որ հայ ժողովուրդն ունի արարչագործության մեծ վարպետներ, զարմանալի՜ն, ո՛չ, ապշեցուցիչ ու զայրացուցիչ է այն, որ ծնվում են նաեւ այնպիսի հայ կոչված բարբարոսներ, որ ձեռք են բարձրացնում ազգային արժեքների վրա, ինչպես որ Թումանյանի այգում տեղադրված «Լոռեցի Սաքոն» կոմպոզիցիոն քանդակը քանիցս փորձեցին գողանալ, իսկ հետո ջարդոտեցին, փշրեցին «Մեղեդի» քանդակի տավղահար աղջկա մատներն ու տավիղը, բարբարոսություն, որ, ցավոք, եզակի ու պատահական երեւույթ չէ, ինչպես Մինաս Ավետիսյանի արվեստանոցի այրելը այն ժամանակ, երբ նկարիչը պատրաստվում էր Փարիզի անհատական ցուցահանդեսին…

 

 

Հոդվածը՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)