Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին տեղեկանում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:

«Ցնցումը ուժգին էր։ Բնակչությունը դուրս էր եկել բնակարաններից՝ ապաստանելով ակումբում կամ իրենց ավտոմեքենաների մեջ: Արդէն իսկ փետրվարի 6-ի երկրաշարժից վնասված Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին կրկին վնասվել է»,-գրել է թերթը:

Նշենք, որ փետրվարի 20-ին Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։