Հայաստանի պատմության թանգարանը լայն լսարանին ներկայացրեց 2022-ին հրատարակած արժեքավոր գրքերը

Հայաստանի պատմության թանգարանը լայն լսարանին ներկայացրեց 2022-ին հրատարակած արժեքավոր գրքերը

Հայաստանի պատմության թանգարանը փետրվարի 15-ին հանրության լայն շրջանակի դատին հանձնեց 2022-ին հրատարակած գրքեր, որոնք ծանոթացնում են հայկական տարազին, դրամին, զենքերին և այլ կարևոր առարկաների, որոնց հավաքածուները պահվում են թանգարանում:

Լույս են տեսել Լիլիա Ավանեսյանի և Աստղիկ Իսրայելյանի «Հայկական ավանդական տարազն ըստ Նազիկ Ավագյանի», Արտակ Ասատրյանի և Հայկ Նազարյանի «Պատիվ և իրավունք. զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից», Ռուբեն Վարդանյանի «Sylloge Nummorum Armenorum Հայաստան. Կիլիկա. հատոր II.I. Հեթում I» գիրք-ալբոմները, ինչպես նաև «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 9-րդ և 10-րդ համարները:

Լիլիա Ավանեսյանի խոսքով՝ «Հայկական ավանդական տարազն ըստ Նազիկ Ավագյանի» գրքում ներառված է թանգարանի 145 առարկա՝ ավանդական հագուստի համալիրներ՝ գոգնոցներ, ոտնամաններ, գուլպաներ, վերնազգեստներ, գոտիներ, զարդեր և այլն: «Ընդգրկել ենք 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը ներկայացնող 24 լուսանկար: Պատկերված են կանայք, տղամարդիկ, երեխաներ, ավանդական ընտանիքներ, քաղաքաբնակներ ու գյուղացիներ»,-նշեց նա և ընդգծեց՝ գիրք-ալբոմի հիմքում նշանավոր ազգագրագետ, երջանկահիշատակ Նազիկ Ավագյանի «Հայկական ժողովրդական տարազը» գիրքն է:

Ավանեսյանն ասաց՝ Ավագյանի գրքում շատ են ձևվածքների գծապատկերները, քանի որ նա լավ դերձակ է եղել, շատ են նաև զարդապատկերների գծանկարները, իսկ իրենց գրքում գերակշռում են լուսանկարները: «Ավագյանի գրքի տասը գլուխները պահպանել ենք: Նա ներառել էր պատմական Հայաստանի գրեթե բոլոր պատմաազգագրական շրջանների և՛ կանանց, և՛ տղամարդկանց հագուստի համալիրները: Տասը գլուխները դասավորել ենք նույն կերպ՝ առանձին նահանգներով»-մանրամասնեց նա:

Պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն անդրադարձավ աշխատություններին և հիշեցրեց՝ պարբերականի վերջին համարը հրատարակվել է 1981 թվականին: «2021-ին մեկ համարով, իսկ 2022-ին երկու համարով շարունակում ենք հրատարակությունը: Մեր առաջ խնդիր ենք դրել պահելու գիտական այն բարձր շեմը, որը եղել է ի սկզբանե»,-ասաց նա ու շեշտեց, որ երկու համարի համար ստացել են 39 հոդվածի դիմում, գրախոսությունից հետո հաստատել են 28 հոդված: Հոդվածներից տասը թանգարանի աշխատակիցներինն են:

Ռուբեն Վարդանյանի «Sylloge Nummorum Armenorum Հայաստան. Կիլիկա. հատոր II.I. Հեթում I» գիրք-ալբոմը նվիրված է Կիլիկիայի Հայոց թագավորությունը 1226-1270 թվականներին գլխավորած մեծանուն թագավորներից մեկի՝ Հեթում Առաջինի դրամներին: Գրքի առաջին մասում ներկայացված են նրա արծաթե և արծաթեպղնձե դրամները՝ կնիքների և ոճա-պատկերագրական համեմատության մեթոդների կիրառմամբ իրականացված ուսումնասիրությամբ: Կատալոգում տրված են Հայաստանի պատմության թանգարանում պահվող՝ Հեթում Առաջին թագավորի արծաթե 752 և արծաթապղնձե 7 դրամների նկարագրական և չափագիտական բոլոր տվյալները՝ լրացված դրամահատման կնիքների կոդավորմամբ և իրական չափի լուսանկարներով, իսկ «Պատիվ և իրավունք. զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից» գիրք-ալբոմը պատրաստվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման հոբելյանական 30-ամյակի առթիվ Պատմության թանգարանում 2022-ի մայիսի 21-ին բացված «Զենք. պայքար և մշակույթ» ցուցադրության հիման վրա, որում տեղ գտած հավաքածուն էլ հիմնականում ներկայացված է հրատարակության մեջ:

Գրքերի շնորհանդեսին «Զենք. պայքար և մշակույթ» խորագրով ցուցադրությունն այցելած առաջին տասը այցելուները «Պատիվ և իրավունք. զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից» գիրք-ալբոմը նվեր ստացան:

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ